четверг, 9 декабря 2010 г.

Հայաստանում հիմնական լեզուն հայերեն ու ադրբեջաներե՞ն


Հայաստանում հիմնական լեզուն հայերեն ու ադրբեջաներե՞ն


Հայաստանի գրախանութներում սիրով գնորդների ուշադրությանն են ներկայացնում ռուսական հրատարակչությամբ մի աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանին նվիրված էջը կսարսափեցնի և հունից կհանի ցանկացած հայի:
Բանն այն է, որ հանրագիտարանում Հայաստանը ներկայացվում է տրամաբանության բոլոր սահմաններից դուրս գտնվող փաստերով` նախ, որ Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև ստահոդ տեղեկություններ` կապված Արցախի հարցի հետ:

Մասնավորապես նշվում է, թե 1988-89 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պատերազմ` Արցախի կարգավիճակի պատճառով, որտեղ Արցախը ներկայացվում է հետևյալ կերպ` «Ադրբեջանի պատմականտարածքմեծամասամբ հայերով բնակեցված»:
«Большая иллюстрированная энциклопедия географии» `  կոչվող մոտ տասը հազար դրամ արժողությամբ հանրագիտարանը  լույս է տեսել 2009 թվականին` ռուսական «Махаон» հրատարակչության կողմից` բրիտանական «The kingfisher geography encyclopedia»  ընկերության հետ համագործակցության շրջանակներում:
Հանրագիտարանում զավեշտալի և զայրացուցիչ է նաև Հայաստանը ներկայացնող լուսանկարը. դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացի` տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է ասոցացնել, քան հայի:
Մի խոսքով, Հայաստանի ու հայերի մասին տեղեկություն ստանալ ցանկացող արտասահմանցին, այս հանրագիտարանը դիտելով, կարող է միայն եզրակացնել, որ Հայաստանը մուսուլմանական հետամնաց մի երկիր է` հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հետամնաց բնակչությամբ:
« Մ՞իթե Հայաստանը ներկայացնելու համար ավելի հարմար լուսանկար չեն գտել` Գառնին, Էջմիածինը կամ հազարավոր պատմամշակութային կողոթներից որևէ մեկը,-տեսնելով հանրագիտարանը`զարմացած հարցնում է մի երիտասարդ,-մենք քաղաքակիրթ ազգ ենք, և միայն կարտոֆիլ աճեցնելով չենք ապրում: Էլ չեմ ասում կրոնի ու լեզվի մասին: Կարծում եմ, սա հատուկ մշակված քաղաքականություն է,  որպեսզի վարկաբեկվի Հայաստանը»:
Նշենք, որ հանրագիտարանում Հայաստանի մասին զետեղված ոչ հավաստի փաստերի մասին տեղեկացանք «Կենտրոն» հեռուստաընկերության
«Բարի լույս» հայեր հաղորդաշարի ընթացքում հնչած մի քաղաքացու զանգից:
Կինը զայրույթով պատմում էր, թե ինչպես է գնել այդ հանրագիտարանը և բացելով Հայաստանին վերաբերող հատվածը, բացահայտել կեղծ ու ոչ հավաստի տեղեկություններ:
Նա նաև խնդրեց հաղորդավարներին` այդ հարցը բարձրացնել «վերևներում»: Հաղորդավարները խոստացան խնդրով զբաղվել` ասելով, որ նախ տեղյակ կպահեն լրագրողներին` կնոջը զգուշացնելով, որ  օպերատորների մոտ թողնի իր հեռախոսահամարը:
Անմիջապես հետաքրքրվեցինք բարձրացված հարցով և որոշեցինք գնալ հանրագիտարանի հետքերով և հոդված պատրաստել: Զանգահարեցինք «Կենտրոն» հեռուստաընկերություն` վերցնելու զանգահարող կնոջ հեռախոսահամարը (քանի որ հեռախոսազրույցից հստակ պարզ չդարձավ հանրագիտարանի անվանումը, հրատարակման թիվը և այլն):
Հաղորդաշարի կոորդինատորը հայտնեց, որ իրենք չեն գրանցել կնոջ հեռախոսահամարը`ինչ որ անիմաստ ու անորոշ պատճառաբանություններ բերելով:
Ինչևէ , մեզ մնում էր այցելել մայրաքաղաքի բոլոր գրախանութները, «քրքրել» ռուսալեզու բոլոր աշխարհագրական հանրագիտարանները և գտնել այդ հանրագիտարանը:
Բարեբախտաբար, մեր ջանքերն ապարդյուն չանցան: Մաշտոցի պողոտայի հայտնի գրախանութներից մեկում հանրագիտարանը հայտնաբերվեց: Գրախանութի աշխատողներն ասացին, որ մի քանի ամիս է, ինչ այն ստացել են, սակայն դժվարացան ասել, թե արդեն որքան է վաճառվել: Նրանք նաև ասացին, որ հանրագիտարանի վերաբերյալ  դեռևս բացասական արձագանքներ չեն ստացել:
«Անկախ»ը հետամուտ կլինի այս հարցի բարձրացմանը պետական ու հասարակական շրջանակներում` հարկ եղած դեպքում  նաև դատի տալով հանրագիտարանը հրատարակած ռուսական ու բրիտանական հրատարակչություններին:

http://ankakh.com/2010/09/55607/

Комментариев нет:

Отправить комментарий