четверг, 9 декабря 2010 г.

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի մեծ երթ կանցկացնի՝ պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները


«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի մեծ երթ կանցկացնի՝ պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները




«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց քայլերը՝ ուղղված բրիտանական հանրագիտարաններից մեկում Հայաստանի վերաբերյալ հրապարակված կեղծ տեղեկությունների հերքմանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը ջանք չի խնայելու, որ բրիտանական և ռուսական հրատարակչությունները հերքեն կեղծ տեղեկությունները, և 2011 թ.՝ հանրագիտարանի հաջորդ հրատարակության ժամանակ, հանրագիտարանը լույս տեսնի Հայաստանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությամբ:
«Մենք համացանցի, նամակների, ցույցերի, ինչպես նաև Սփյուռքի մեր հայկական կառույցների միջոցով կփորձենք պայքարել այս կեղծիքի դեմ»,- ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ հարցը քննարկման կդրվի նաև մի քանի օրից մեկնարկելիք համահայկական երիտասարդական-ուսանողական ամենամյա խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակելու են սփյուռի 40-ից ավելի կազմակերպություններ:
«Միասին» շարժման նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` խնդիրը կարևոր է նրանով, որ կեղծ տեղեկությունները հրապարակված են ոչ թե համացանցային անհայտ պարբերականներից մեկում, այլ կշիռ ունեցող հանրագիտարանում, ինչը նաև գիտական հիմնավորում է ենթադրում: «Հնարավոր է, որ վաղը արտասահմանյան այլ հրատարակչություններ Հայաստանը ներկայացնեն նույն կերպ՝ հղում անելով այս հանրագիտարանին, ինչն աստիճանաբար Հայաստանի մասին թյուր կարծիք կձևավորի ողջ աշխարհում»-ասաց նա:
«Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանի կարծիքով էլ Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումների առաջ է կանգնած, որը երիտասարդության պասիվության և անգործության հետևանք է: «Մենք արդեն իսկ որոշ միջոցներ ձեռնարկել ենք այս ապատեղեկատվության դեմ,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ համացանցային սոցիալական մի շարք խմբերում արդեն ստեղծվել են խմբեր՝ «Ընդդեմ հանրագիտարնային կեղծիքի» անվանումով, և շուտով կստեղծվի նաև բլոգ՝ անգլերեն և ռուսերեն, որն այս ամենի վերաբերյալ տեղեկություններ կտարածի աշխարհով մեկ:
Կոստանդյանի խոսքով` միայն Ֆեյսբուքի սոցիալական խմբում այս պահին նախաձեռնությանը միացել է ավելի քան 700 մարդ: «Առաջին փուլի համար հարցը դրված է բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնելու վրա, սակայն հարկ եղած դեպքում մենք հարցը առաջ կքաշենք նաև միջազգային իրավունքի սկզբունքներով»,-ասաց նա:
Հակոբ Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունը պարտավորություն է  ստանձնել ոչ միայն այս տեղեկության տարածումը կանխելու, այլև հետագայում էլ նմանատիպ կեղծիքները բացահայտելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության համակարգող, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը տեղեկացրեց, որ հերքման պահանջով կրկին նամակներ կուղարկվեն բրիտանական և ռուսական հրատարակչություններին, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա բողոքի մեծ երթ: «Մենք մեր բողոքի ձայնը կբարձրացնենք բրիտանական և ռուսական հրատարակչությունների դեմ, ինչպես նաև նամակներ կհանձնենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին` հորդորով, որ վերջիններս միջամտեն բարձրացված հարցի լուծմանը, այլապես հրատարակչությունների կողմից թույլ տրված կոպիտ սխալները մեր կողմից կդիտվեն կա՛մ անգրագիտության, կա՛մ պատվիրված ծառայության հետևանք»,-նշեց նա:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կազմում են «Անկախ» շաբաթաթերը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ու երիտասարդական միությունը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Գնանք միասին» երիտասարդական ՀԿ-ն, Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, ԵՊՃՀ ուսխորհուրդը, Հայազն երիտասարդների միաբանությունը և այլ կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր:

Комментариев нет:

Отправить комментарий