пятница, 10 декабря 2010 г.

Պատասխան նամակ՝ բրիտանական «Մաքմիլլան» հրատարակչության գլխավոր խմբագրին


Պատասխան նամակ՝ բրիտանական «Մաքմիլլան» հրատարակչության գլխավոր խմբագրին

Հարգելի՛ տիկին Բրերեթոն,
Շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր նամակին և փորձեցիք բացատրություններ տալ Հայաստանի վերաբերյալ թյուր տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ: Այսուհանդերձ, ձեր փաստարկներն անհիմն են և անընդունելի:

Դուք մեր առաջին պահանջի վերաբերյալ  նշել եք, որ  հանրագիտարանում հաճախ եք ներառում փոքրամասնությունների լեզուն, և պարտադիր չէ, որ հիմնվեք միայն այդ լեզուներով խոսողների թվաքանակի վրա, ապա մեջբերել եք մեր նամակից հատված, որում մենք, իբր, գրել ենք. «Հայաստանի բնակչության գրեթե 98%-ը խոսում է հայերեն, իսկ մնացածը` եզդիերեն, ադրբեջաներեն և ռուսերեն»:
Հարկ ենք համարում շեշտել, որ մեր նամակում մենք ադրբեջանցիներին ընդհանրապես չենք նշել և չէինք էլ կարող նշել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանախոս խումբ պարզապես գոյություն չունի:
Ահա թե իրականում ինչ էր գրված մեր նամակում. «Հայաստանի բնակչության 96 տոկոսը կազմում են հայերը: Մնացած 4 տոկոսը կազմում են եզդիները, հույները, ուկրաինացիները, հրեաները, ռուսները, քրդերը և այլն» :
Եթե պարտադիր չեք համարում միայն հիմնական լեզուներով խոսողների վրա հիմնվելը, ապա ինչու՞ եք Մեծ Բրիտանիային վերաբերող հոդվածում, որպես հիմնական լեզու, նշել միայն անգլերենը, այն դեպքում, երբ ձեր երկրում լայնորեն գործածվում են նաև շոտլանդերենը, իռլանդերենը, հինդին, ուրդուն, արաբերենը և բազմաթիվ այլ լեզուներ: Եթե դուք հետևողական լինեիք ձեր իսկ առաջադրած տրամաբանության մեջ, ապա պարտավոր էիք նշել բոլոր այս լեզուները որպես Մեծ Բրիտանիայում հիմնական լեզուներ։ Ի դեպ, ըստ ձեր տրամաբանության, այդպիսի լեզու է նաև հայերենը, քանի որ Մեծ Բրիտանիայում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ:
Դուք նաև նշել եք. «Մենք կարող ենք հանել ադրբեջաներենը, բայց սա կնշանակի միալեզու մշակույթ, որը մենք չենք կարծում, որ ճիշտ կլինի, այդ իսկ պատճառով կպահենք այս տարբերակը Միացյալ Թագավորության  հրատարակության մեջ»: Եթե այդքան նախանձախնդիր եք, որ Հայաստանը միալեզու երկիր չներկայանա, ապա, խնդրեմ, կարող էիք թվարկել այն լեզուները, որոնցով իսկապես Հայաստանում խոսողներ կան`  ռուսերեն, քրդերեն, ուկրաիներեն և այլն, ինչո՞ւ եք ընտրել և նշել մի լեզու, որով ընդհանրապես Հայաստանում խոսողներ չկան:
Կրկին պահանջում ենք՝ մեկընդմիշտ հանել ադրբեջաներենը թե՛ բրիտանական և թե՛ մյուս հրատարակություններում, քանի որ անհերքելի փաստ է՝ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիներ չկան:
2.         Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ կրոնին, ապա կրկին շեշտենք, որ դուք սխալ եք ներկայացրել Հայ առաքելական եկեղեցին՝  ընդգրկելով այն ուղղափառ եկեղեցու կազմում. դրանք  տարբեր կրոնական կառույցներ են։
Բացի այդ, դուք նշել եք, որ ձեր հանրագիտարանում սովորաբար չեք թվարկում պաշտոնական կրոնները՝ ընդգծելով, որ մյուս կրոնները նույնպես կարևոր են, թեկուզև դրանք վերաբերում են միայն փոքրամասնություններին:
Ամենևին էլ մտադիր չենք մեր կրոնը վեր դասել մեր երկրում ապրող փոքրամասնությունների կրոններից, պարզապես ուզում ենք սխալ տեղեկությունները ուղղել: Մեջբերում ենք պաշտոնական տվյալներ.
Հայաստանի բնակչության ընդհանուր թիվն է` 3 213 011. հայեր-3 145 354, եզդիներ- 40 620, ռուսներ-14 660, ասորիներ -3409, ուկրաինացիներ-1633, քրդեր-1519,
հույներ-1176, այլ-4640:
Թվարկված ազգություններից  միայն քրդերն են մահմեդական, նրանք էլ, սակայն, սուննի, ոչ թե շիա ուղղության հետևորդներ են:
Եթե դուք ուզում եք քրիստոնեությունից բացի նշել նաև կրոնի այլ ճյուղեր, նշեք առավել տարածվածները (եզդիականություն, հունական ուղղափառություն):
3.         Ինչ վերաբերում է մեր նամակի երրորդ կետին` ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտին, ապա մենք ռուսական հրատարակիչների հետ դեռևս կպարզաբանենք, թե ինչու են նրանք այդ հատվածը ներկայացրել բնագրից տարբեր:
Այնուամենայնիվ, գլխավոր սխալն առկա է նաև ձեր հրատարակության մեջ. դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին: Դուք Ղարաբաղը ներկայացրել եք հետևյալ կերպ. «Ադրբեջանական տարածք` մեծ մասամբ հայերով բնակեցված», ինչը չի համապատասխանում ո՛չ պատմական, ո՛չ էլ ներկայիս իրականությանը: Լեռնային Ղարաբաղը (Արցախ) պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչությունը միշտ էլ եղել է հայկական։ Այն տրվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի  օրոք` 1921 թ., սակայն 1988-ից ի վեր այն փաստացի անկախացել է:
Ելնելով վերոգրյալից` պահանջում ենք ուղղել Ձեր հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ սխալ տեղեկությունները: Այլապես,  Ձեր հանրագիտարանում Հայաստանին վերաբերող հոդվածը  մեր կողմից կդիտվի կամ անգրագիտության, կամ պատվիրված ծառայության հետևանք:
Նշենք, որ մեր երկրում այդ հանրագիտարանի վաճառքն այս պահին դադարեցվել է:
Հանրագիտարանի դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հազարավոր հայեր թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ միավորվել են` ստեղծելով «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վերաբերյալ սխալ տեղեկություններն ուղղված չեն լինի:
Հարգանքով`
«Անկախ» շաբաթաթերթ
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն

2 комментария:

  1. Շնորհակալ եմ նախաձեռնողներից ,հետևում և մասնակցում էի նախաձեռնությանը, գոհ եմ նամակի բովանդակությունից: Հուսանք գոնե այս անգամ կվերաբերվեն ավելի լուրջ և սթափ:

    ОтветитьУдалить
  2. Great job guys!
    Someone should stand and speak out!

    ОтветитьУдалить