четверг, 9 декабря 2010 г.

Դատական գործընթացի մեջ մտնելը կարող է ցանկալի արդյունք չտալ


Դատական գործընթացի մեջ մտնելը կարող է ցանկալի արդյունք չտալ

«Անկախը» շարունակում է հետամուտ լինել աշխարհագրական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացրած բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Սակայն ցավով պետք է արձանագրել, որ առայժմ դրական արդյունքը տեսանելի չէ:

Հերքման պահանջով նամակին, որն ուղղվել է բրիտանական և ռուսական հրատարակչություններին, դեռ պատասխան չի տրվել: Իսկ ամենացավալին այն է, որ արձագանք չի եղել նաև հայկական այն կառույցների կողմից, որոնց ուղարկվել են նամակի պատճենները (Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում հայկական դեսպանություններ և ՀՀ արդարադատության նախարարություն):
Նշենք, որ վերոնշյալ հրատարակչություններին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթացը քննարկելու նպատակով հանդիպումներ ենք ունեցել մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` ոչ միայն մասնավոր, այլև պետական ոլորտից: Բոլոր քննարկումներում մի բան է շեշտվել` դատական գործընթացը սկսելու համար ֆինանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որոնց դեպքում  նույնպես ցանկալի արդյունքի հավանականությունը մեծ չէ:
Պետական ոլորտի բարձրաստիճան այրերից մեկի խոսքով (իրավաբան)` նման հրատարակչությունների դեմ դատական գործ սկսելը շատ բարդ ու երկարատև գործընթաց է, որի ելքն էլ պարզ չէ: Ըստ նրա` ողջ Եվրոպայի տարածքում  ազգի արժանապատվություն և հերքման իրավունքներ գոյություն ունեն, բայց դրանք դատական կարգով պաշտպանելի չեն: Փոխարենը` նա խորհուրդ է տալիս հարցին հասարակական լայն հնչեղություն տալ և հրատարակչությունների հետ «փափուկ» հարաբերություններ ստեղծելով` հասնել նրան, որ վերջիններս կեղծ տեղեկությունները հերքեն:
Իր երկարատև տարիների փորձից ելնելով` պետական պաշտոնյան հայտնում է, որ Անգլիայում դատական գործընթացի մեջ մտնելու դեպքում պետք է պատրաստ լինես մինչև վերջ գնալու, ինչը պահանջում է շատ մեծ ծախսեր: Գումարը վերջանալու պատճառով գործընթացը կիսատ թողնելը ենթադրում է հարցի լուծում` ոչ հօգուտ Հայաստանի:
Իրավաբան Վահե Յակուբյանը նույնպես կարծում է, որ դատական գործընթացի մեջ մտնելը կարող է ցանկալի արդյունք չտալ: Նա, օրինակ, առաջարկում է ավելի էժան ու ավելի արդյունավետ միջոց` սոցիալական ցանցերը, որոնք, ըստ նրա, շատ ավելի ազդեցիկ կարող են լինել: Նրա կարծիքով, պետք է սոցիալական ցանցերում այդ հարցն անընդհատ քննարկել, իսկ հրատարակչությունների հետ կոշտ դիրքորոշում բռնելու փոխարեն, ստեղծել երկխոսություն: «Նախ` պետք է կենտրոնանալ փաստացի կեղծ տեղեկությունների վրա և ներկայացնել բացահայտ ճիշտ տարբերակները,- կարծում է նա,- և եթե երկխոսությունը ստացվի,   աստիճանաբար և զգուշորեն անդրադառնալ նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցին, լուսանկարին և այլն»:
Ի դեպ, Յակուբյանը վիրավորական չի համարում հանրագիտարանում տեղ գտած այն լուսանկարը, որում Հայաստանը ներկայացնում են գեղջուկ կինն ու տղամարդը` կարտոֆիլի դաշտում աշխատելիս. «Ինչի՞ց պետք է վիրավորվել, ինձ համար լուսանկարում աշխատասեր մարդիկ են ներկայացված,- ասում է նա,- ա՛յ, եթե լիներ մուրացկան, կնեղանայի»:
Հիշեցնենք, որ բրիտանական  «The kingfisher geography encyclopedia»-ից ռուսերեն թարգմանված «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենը և ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը` շիաներ:
Հանրագիտարանում կեղծ տեղեկություններով է ներկայացվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցը. նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում, Արցախը ներկայացվում է որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծ մասամբ հայերով բնակեցված»:
Ի դեպ, երբ փորձեցինք Amazon.com-ում գտնել հանրագիտարանի անգլերեն տարբերակը, պարզվեց, որ այն հրատարակվել է երկու անգամ. առաջինը՝ 2003 –ի հոկտեմբերին, հաջորդը` նոյեմբերին: Հոկտեմբերին լույս տեսած հրատարակության մեջ Հայաստանը ներկայացված էր առանց այն սխալների, որոնք առկա են ռուսերեն տարբերակում (այստեղ միայն սխալ էր ներկայացված Հայաստանի տարածքը` 12.000 քառակուսի կմ` 29.743-ի փոխարեն), իսկ նոյեմբերին լույս տեսած տարբերակը, որը հենց այն տարբերակն է, որից վերահրատարակել է ռուսական հրատարակչությունը, այդպես էլ հնարավոր չեղավ ընթերցել Հայաստանի հատվածը.  236-րդ էջը, որը վերաբերում է Հայաստանին, պարզապես չբացվեց: Տարօրինակն այն է, որ գրքի մյուս բոլոր  էջերը բացվում էին, բացի այդ էջից:
Զուգադիպությու՞ն է, թե՞ դիտավորություն՝ դժվար է ասել:
Amazon.com-ից Հանրագիտարանը պատվիրելու փորձը ևս ձախողվեց. մեզ պատասխանեցին, որ գիրքը ծանր է և այն Հայաստան չի առաքվում:

Комментариев нет:

Отправить комментарий